Օրեցօր զարգացող աշխարհում մարդկությունն անընդհատ բախվում է այնպիսի խնդիրների հետ, որոնք ի հայտ են գալիս հենց մարդկության կողմից իրականացված գործողությունների հետևանքով: Տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց մենք գիտակցում ենք նաև, որ առօրյայում հանդիպող ամենապարզ երևույթներին և հարցերին սխալ արձագանքելու, ինչպես նաև բնությունից հեռվանալու պատճառով անընդհատ հայտնվում ենք անկանխատեսելի պատահարների և իրադարձությունների կիզակետում, ասվում է Հայաստանի բանկերի միության հաղորդագրության մեջ:
«Խնայել» կամ «խնայողություն անել» արտահայտությունները դարեր ի վեր գալիս են մեր արմատներով, մեր պապերից, ովքեր իմաստուն կերպով փորձել են երիտասարդ սերնդին սովորեցնել ճիշտ ապրելու արվեստը: Իսկապես, խնայելը հմտություն է, որը մեծ գործի փոքր սկիզբն է:
Այսօր, բացահայտ կերպով տեսնում ենք, որ մարդկությանը սպառնացող խնդիրները սկիզբ են առել չխնայելու արդյունքում: Ողջ աշխարհն է պայքարի մեջ մտել չխնայելու գաղափարի հետ և կոչ է անում յուրաքանչյուրիս լինել պատասխանատու և հետևողական նախ և առաջ ինքներս մեր նկատմամբ:
Նմանատիպ մի կոչ էլ ժամանակին վերածվեց իսկական տոնակատարության և դարձավ ավանդույթ մարդկության համար ֆինանսական ոլորտում:
Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից՝ 1924 թվականին: Իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացին ողջ աշխարհում: Այդ նպատակով բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային և սպորտային հաստատությունների հետ՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության:
Խնայողությունների համաշխարհային օրը ՄԱԿ-ի դիրեկտիվայով պաշտոնապես ամրապնդվեց 1989-ին:
Խնայողությունների համաշխարհային օրն իմաստային խորը արմատներ ունի իր մեջ. որոշ երկրներում այն նշանավորվում է՝ որպես հասարակության մոտ խնայողություններ անելու/բանկերում ավանդ ներդնելու վստահության վերականգնման սկիզբ:
Խնայողությունների համաշխարհային օրն ի սկզբանե նպատակ ուներ ուղերձ հղել հասարակությանը խնայողություն անել, սովորեցնել մարդկանց խնայելու արվեստին, ինչպես նաև խնայողությունները պահել բանկերում: Զարգացած երկրներում խնայողությունների համաշխարհային օրվա ամենատարածված մոտեցումն ուղղված է մասնավորապես խնայողությունները բանկերում պահելուն, կենսաթոշակային ֆոնդերում կուտակելուն, ճիշտ կառավարելուն և այլն: Որքան լավ է մարդը տիրապետում խնայելու և սեփական ֆինանսները կառավարելու արվեստին, այնքան ավելի խելամիտ որոշումներ է կայացնում, որոնք ազդում են ֆինանսների և ապագայի վրա: Խնայած գումարն անվտանգության և ապահովության զգացում է առաջացնում և քանի որ երբեք չգիտենք, թե կյանքի հանգամանքներն ինչպես կարող են փոփոխվել, ապա անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին:
Այսօր, խնայողությունների համաշխարհային օրը նշանավորվում է նաև զարգացող երկրներում, որտեղ բնակության գերիշխող մասը հեռու է բանկերից: Նման երկրներում բանկերը փորձում են կազմակերպել այնպիսի արշավներ և միջոցառումներ, որոնք հասանելի և գրավիչ կլինեն հասարակության այն շերտի համար, որն ունի ոչ բավարար գիտելիք՝ բանկերից օգտվելու համար և հետևաբար խուսափում է օգտվել բանկային ծառայություններից՝ գումարային կորուստներ չկրելու նպատակով: Նման միջոցառումների շարքին է դասվում ֆինանսական գրագիտության բարձրացումը. երբ մարդիկ ծանոթ են բանկերի գործունեությանը, կարող են բանկային ծառայություններից ճիշտ օգտվել և վստահ լինել, որ բանկերի հետ համագործակցելով իրենց գումարներն ավելի ապահով են:
Այս տարի խնայողությունների համաշխարհային օրը նշում են նաև հայաստանյան բանկերը: Կարևորելով հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացման հիմնախնդիրը, ինչպես նաև խնայողություն անելու և խնայողությունները բանկերում պահելու հարցերը՝ ՀՀ բանկերի մեծ մասը հոկտեմբերի 31-ին հանրությանը կներկայացնեն խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված իրենց հատուկ առաջարկները, կտրամադրեն խորհուրդներ խնայողություններ անելու ճիշտ տարբերակների մասին՝առաջինը վճարեք ինքներդ Ձեզ, կրճատեք ծախսերը, խնայեք շահույթով գաղափարախոսություններով, ինչպես նաև կկազմակերպեն այցելություններ կրթական հաստատություններ՝ խնայողություն անելու, խնայողությունները ճիշտ կառավարելու և տնօրինելու հմտությունների վերաբերյալ դասախոսություն անցկացնելու նպատակով:
Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ հոկտեմբերի 30-ին կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ Հայաստանի բանկերի միության ղեկավարության մասնակցությամբ, որտեղ կխոսվի բանկում խնայողական/ավանդային հաշիվ ունենալու առավելությունների մասին՝ շեշտադրելով ներդրված գումարների ապահովությունը բանկում, ցածր ռիսկայնության, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս առավելություն ունենալու մասին:
Անդրադառնալով խնայողությունների համաշխարհային օրվա կարևորագույն ուղերձին՝ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա խնայելու ճիշտ մոտեցում՝ նպատակայնություն, ծախսերը կրճատելու ունակություն, ինքնատիրապետման զգացում, ասվում է Հայաստանի բանկերի միության հաղորդագրության մեջ:





