Շուտով կսկսվի նախագահության թեկնածուների առաջադրումների շքերթը, որին կմասնակցեն մոտ 12 քաղաքական խմբավորումներ: Այն լուծելու է 2 խնդիր՝ առաջադրվել, թե սատարել: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի քաղաքական կանխատեսումներն են, ըստ որի դեռ պարզ չէ՝ գալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես կգա, թե ոչ, և ընտրությունները 1 փուլով կանցկացվեն, թե 2:
Ադիբեկյանի կանխատեսմամբ՝ եթե ընդդիմադիր ուժերը կոչ անեն իրենց ըտրողներին ձայն տալ Գագիկ Ծառուկյանին, վերջինիս 30%-ին կգումարվի ևս 10%, ինչը հաղթանակ չի ապահովի: Իսկ եթե Ծառուկյանը որոշի սատարել ինչ-որ ուժի, նրա ձայների զգալի մասը կարող է փոշիանալ, քանի որ վերջինիս ձայների զգալի մասը նրա անձի հետ է կապված:
«Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» մասին Ադիբեկյանն ասաց. «Դա փոքր ընտանեկան, խոհանոցային կռիվ է, որն ուղղակի մեծ արձագանք ստացավ: Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն առիթն օգտագործում է իր վարկանիշը բարձրացնելու համար: Նա դժվար թե ընդունի որևէ մեկի թեկնածությունը»:
Ըստ Ադիբեկյանի՝ խիստ բացասական է Լևոն Տեր-Պետրոսյանի իմիջը՝ ընդամենը 4%: Խնդիր կա ՀՅԴ-ի հետ կապված, քանի որ այն բավականին զգալի ուժ է որևէ մեկին սատարելու համար:
ԲՀԿ-ի մասին Ադիբեկյանն ասաց. «Ինտրիգի կենտրոնում ԲՀԿ-ն է: Նրանք իրավունք չունեն հուսախաբ անել 30% ընտրողներին: Այս շքերթում մենք պետք է տեսնենք, թե ինչպես է պատրաստվում վարվել ԲՀԿ-ն, որպեսիզ հասկանանք, թե ինչ պատկեր կարող է լինել ընտրություններին»: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, «Սոցիոմետրի. կանխատեսմամբ՝ եթե հարցում կատարվի, ապա Օսկանյանի մասին միայն 15%-ը տեղեկություն կունենա:
Ռոբերտ Քոչարյանի մասին Ադիբեկյանն ասաց, որ նա բավականին անկանխատեսելի դեմք է, քաղաքական դաշտում 2 ուժ կա, որոնց վրա նա կարող է հենվել՝ ՀՀԿ- և ԲՀԿ-ն, դա էլ կախված է ընդունող կողմից, ոչ թե իր ցանկությունից:





