Տարածաշրջանում Ադրբեջանը դառնում է սպառնալիք պետություն, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է ձևական հայտարարություններ անելով: ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և Ադրբեջանում նրան հերոսացնելուց հետո միջազգային հանրությունն վերաբերմունքը Ադրբեջանի վարած ֆաշիստական քաղաքականությանը համարժեք չէ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը ծառայել է որպես վարագույր, որի հետևում Ադրբեջանը հզորացրել է իր ռազմական կարողությունները,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուսաննա Մելիքյանը: Ըստ նրա՝ Արևմուտքը թաքցնում է Ադրբեջանի տեռորիստական քաղաքականությունը:
Գալինա Ստարավոյտովայի հայկական հիմնադրամի տնօրեն, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախսատականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանը այս դեպքերից հետո Ադրբեջանի հետ բանացային սեղանի շուրջ չպետք է նստի ներկայիս ձևաչափով: PanARMENIAN.Net-ի թղթակցի դիտարկմանը, թե քաղաքագետները պնդում են, որ սաֆարովյան գործարքով Ադրբեջանի նպատակը այն էր, որ Հայաստանը դադարեցներ բանակցությունները և միջազգային հանրությանը ներկայացվեր, որ Հայաստանը չի ցանկանում բանակցել, Մարիամ Ավագյանը պատասխանեց. «Աաֆարովյան դեպքերից հետո մեր իշխանությունները պետք է նոր պահանջներ դնեին, բեկումնային պահ էր ու պետք է այդ պահն օգտագործեին ի շահ մեր պետության, սակայն դա տեղի չունեցավ»: Ըստ Սուսաննա Մելիքյանի՝ մենք պետություն ենք և մեր քայլերը չպետք է պայմանավորենք թշնամական երկրի արձագանքներով: Բանախոսները ԵԱՀԿ Մինսկի խմբին հարցնում են ՝ ինչպե՞ս է խումբը պատկերացնում եղածից հետո հայ փախստականների վերադարձը Ադրբեջան: Նրանք ընդգծեցին, որ հայ ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տարածքում վտանգված է:





