AM
5 Նոյեմբեր 2012 - 08:30 AMT

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Արմենակ Դովլաթյանի քարոզարշավը այնքան էլ ակտիվ չի սկսվել

Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական թեկնածու, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի նախընտրական քարոզարշավի առաջին օրը այնքան էլ ակտիվ չի անցել: Թեկնածուի խոսքով՝ պատճառն այն է, որ խնդիրներ են առաջացել և ինքը Ավանում դեռ նախընտրական շտաբ չունի: Արմենակ Դովլաթյանն ընտրությունների է գնում «Մաքուր, կանաչ Հայաստան» կարգախոսով և խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում անցնեն ազատ արդար ընտրություններ: «Ես պատգամավորի դերը ավելի լոկալ չեմ տեսնում, կապ չունի մեծամասնականով, թե համամասնականով է ընտրված: Նա պետք է ավելի ընդհանուր հարցերով զբաղվի, և ես պատրաստվում եմ այդպես անել: Կարծում եմ, որ Հայաստանի համար կարևոր է բնապահպանական խնդիրները բարձրացնելը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Ավելացնենք, որ թիվ 1 ընտրատարացքում Արմենակ Դովլաթյանի հետ պայքարի մեջ են մտել Ժառանգություն կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և Ժողովրդական կուսակցությունից Էդուարդ Պետրոսյանը:

Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր մնաց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց իր մանդատից՝ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանությունից հետո:

Այս ընտրատարածքում ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին: