Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հարցեր:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն արձանագրեցին, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելուուղղությամբ: Երկուստեք սակայն ընդգծվեց, որ պետք է արվի ավելին` առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանն սկսել է ակտիվ աշխատել տարածաշրջանի մյուս երկրների հետ և մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարևորում է Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի գործունեության մեկնարկը` դիտարկելով հանձնաժողովի աշխատանքը որպես երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը նպաստող բացառիկ հարթակ:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, և մենք շահագրգռված ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները հատկապես առևտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում: Հայաստանում ներդրումային լայն հնարավորություններ կան, որտեղ կցանկանայինք տեսնել ԱՄԷ-ին»,-նշեց փոխվարչապետը: Ա. Գևորգյանը միաժամանակ վերահաստատեց Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Քննարկվեցին նաև երկրորդ գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշելով 2010թ. Երևանում անցկացված առաջին համաժողովի դրական փորձը`քննարկվեց երկրորդը Էմիրություններում կազմակերպելու հնարավորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաժողովը կազմակերպել ԱՄԷ-ում անցկացվելիք նմանատիպ միջազգային համաժողովների շրջանակում, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին կապեր հաստատել ոչ միայն Էմիրությունների, այլ տարբեր երկրների գործընկերների հետ:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի ընթացքի մասին. նշվեց, որ արդեն մեկնարկել են«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի ծրագրերը: Ակտիվություն է նկատվում զբոսաշրջության, գյուղմթերքի արտահանման, շինարարության ոլորտներում, և Հայաստանը պատրաստակամ է նշված ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնել նաև ԱՄԷ-ի հետ: Այս համատեքստում նա ողջունելի համարեց «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության մուտքը հայկական շուկա: Կարևորվեց նաև գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը նկատեցին, որ Էմիրությունների շուկան հայկական ապրանքների համար կարող է տարածաշրջանային շուկաներ մուտքի լավ հնարավորություն հանդիսանալ: Նշվեց, որ երկու երկրների միջև «FlyDubai» ավիաընկերության միջոցով ուղիղ ավիափոխադրումների իրականացումից հետո առաջընթաց է նկատվում ինչպես զբոսաշրջության ոլորտում, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերություններում:
ԱՄԷ նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին և դրա շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում հայկական տաղավարի առկայությունը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել արաբ գործարարների շրջանում, և նրանց կողմից փոխշահավետ նախագծերի իրականացման պատրաստակամություն է նկատվում: Քննարկվեց ԱՄԷ հաջորդ ամենամյա ներդրումային համաժողովին հայկականպատվիրակության մասնակցության հնարավորությունը:





