ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Աբու Դաբիում հանդիպումներ է ունեցել հայաստանյան շուկայով հետաքրքրված Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերության ղեկավարների հետ քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող նախագծերի հետ կապված հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին Հայաստանում գործունեությունն ընդլայնելու իրենց մտադրությունների, հեռանկարային ծրագրերի մասին: Նրանք մասնավորապես նշեցին, որ առաջիկայում Երևանի «Դալմա» առևտրային համալիրում նախատեսում են բացել աշխարհի մի շարք երկրներում գործող «Carrefour» ցանցի հիպերմարկետներից մեկը: Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում նաև Երևանի Ավան թաղամասում արաբ սեփականատերից հողատարածք ձեռք բերելու ուղղությամբ` կառուցապատման խոշոր ծրագիր իրականացնելու և ևս մեկ հիպերմարկետ բացելու համար: Տեղեկացվեց, որ մինչև տարեվերջ ծրագիրը կներկայացվի ընկերության տնօրենների խորհրդի հաստատմանը: Ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 150 մլն դոլար:
Փոխվարչապետը ողջունելի համարեց նրանց նախաձեռնությունները` նշելով, որ Հայաստանում առկա են ներդրումային լայն հնարավորություններ, և Հայաստանի իշխանությունները խրախուսում են տարբեր ոլորտներում միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայությունն ու գործունեությունը: Փոխվարչապետը ողջունելի համարեց «Carrefour»-ի մուտքը Հայաստան` նկատելով, որ աշխարհում հայտնի խոշոր ցանցը ոչ միայն նոր որակի ծառայություններ է մատուցելու Հայաստանում, այլև հնարավորություն է ստեղծվելու հայկական գյուղատնտեսական և վերամշակող արտադրանքը իրացնել աշխարհում` ցանցի հիպերմարկետների միջոցով:
«Մաջիդ ալ Ֆուտտեյմ»-ը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում բազմաֆունկցիոնալ առևտրային համալիրների, ժամանցային կենտրոններիշահագործման ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություն է: Ընկերությունը տարածաշրջանում համարվում է ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետների ցանցի արտոնագրային գործընկերը:
Փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խոշորագույններից համարվող «Damac» ընկերության ներկայացուցիչների հետ:Ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում և հետաքրքրված է նաև հայաստանյան շուկայով ուներդրումային հնարավորություններով:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց ներդրումային դաշտի մասին` նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է միջազգային լավագույն փորձի, նորտեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ նախագծերով: Փոխվարչապետն առաջարկեց ուսումնասիրել նաև Հայաստանից Ծոցի երկրներ քարի արտահանման հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` հնարավոր ներդրումային ծրագրերին տեղում ծանոթանալու համար, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:





