AM
8 Նոյեմբեր 2012 - 05:53 AMT

«168 ժամ». «Փուչիկների գործով» դատապարտյալի կինը համոզված է, որ ճշմարտությունը թաքցնում են

«Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը, 168.am-ի հետ զրույցում hայտնել է, որ իր ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Շաբաթ օրը կտրուկ վատացել է նրա ամուսնու առողջական վիճակը, և ինքը ստիպված է եղել զանգահարել շտապօգնություն: «Իր պրիստուպներն էին բռնել, վատացել էր: Շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք Քանաքեռի հիվանդանոց, որտեղ մեզնից ուղղակի 160.000 դրամ ուզեցին, որ վիրահատեն: Դե, ինքն ուռուցք ունի, դրա համար պիտի վիրահատեին»,- ասաց Մ. Բոզոյանը:

Կինը նույնպես հիվանդ էր, ինչի պատճառով աշխատանքի չէր գնացել: Հիշեցնենք, որ 168.am-ին տված հարցազրույցում Մարինե Բոզոյանն ասել էր, որ իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այդ իսկ պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: «Երեկ Մարինե Բոզոյանից հետաքրքրվեցինք «Փուչիկների գործից», թե արդյո՞ք այս ժամանակահատվածում Ս. Բոզոյանի մոտ ցանկություն չի առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է: Ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել.- հեղ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել: Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին… Իրենք 4 հոգով էին… Էդ հարցն էլ է ինձ շատ տանջում, թե ինչո՞ւ միայն իմ ամուսինը պետք է պատասխանատվություն կրեր»:

Հարցին, թե փուչիկների լիցքավորման դիմաց ստացած գումարը հավասարապես կիսե՞լ են չորս հոգու միջև, Մարինե Բոզոյանը պատասխանեց. «Ի՞նչ գումար: Ոչ, գումար չեն տվել»:

Մեր հարցին, թե այսինքն` ՀՀԿ-ն, որը պատվիրել էր այդ չարաբաստիկ փուչիկները, մինչ օրս չի՞ վճարել գումարը, Մ. Բոզոյանը պատասխանեց. «Այո՛, այդ ամբողջն անվճար է լիցքավորել, պետք է վերջացներ, որ հետո տային գումարը»: Մ. Բոզոյանի խոսքով` իրենք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, և պայքարելու են մինչև վերջ»,- գրում է «168 ժամը»: