Երևանում չվաճառված ժամկետանց սնունդը վաճառքի է ուղարկվում մարզեր: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը: «Մեր ասոցիացիայի ուսումնասիրությունները Երևան քաղաքով չեն սահմանափակվում: Վերջին եռամսյակում մեր ասոցիացիան մոտ 370 մեծ և փոքր առևտրի կետերում մոնիթորինգ է արել: Արդյունքում դիտարկել ենք, որ Երևանում չվաճառվող ժամկետանց սնունդը վաճառքի է ուղարկվում մարզեր»,- ասաց նա:
Անդրադառնալով, մասնավորապես, հացի խնդրին` Արիստակեսյանը նշեց, որ այսօր Հայաստանում քիչ հացի համար շատ են վճարում: «Այդ հարցը բազմիցս բարձրացրել ենք, և կառավարությունը լուծեց հաստատագրված քաշի հարցը: Բայց դրանով խնդիրը չլուծվեց: Սպառողը կարող է վերահսկել շուկան. գնողն ինքն է և, եթե ապրանքը չի համապատասխանում պահանջներին, պետք է չգնի»,- նշեց նա՝ հավելելով, որ սննդի որակի վերահսկման հարցում ասոցիացիան համագործակցում է Սննդամթերքի անվտանգության տեսչության հետ :





