AM
8 Նոյեմբեր 2012 - 10:22 AMT

Դավիթ Նարմանիան խոստացել է ապահովել Վերին Լարսի անցակետի անխափան աշխատանքը

Նոյեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Նարմանիայի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանը շնորհավորեց զրուցակցին խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձևավորման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձևավորված սերտ համագործակցության արդյունավետությանը ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առընչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում` ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծեց նման գործելաոճի շարունակականության պահպանման և առավել ընդլայնման կարևորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես` Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծեց ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթևեկող Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները` կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացավ ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ և հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ: