«Պետք է համախմբվենք, ստեղծենք մարդկանց կազմակերպված վիրտուալ խումբ, կուսակցություն, ստվար ծավալով, որը համացանցից բացի նաև իրական կյանքում կկարողանա թելադրել իշխանություններին, պայքարել իշխանությունների դեմ», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺԴ ղեկավար, Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը:
Նրա խոսքով մարդիկ կիսաարհամարհանքով են վերաբերում այս հնարավորությանը, բայց այդպես պետք չէ:
«Ժամանակին կես ժամ եթերի, երթերի, միտինգների համար կռիվ էինք տալիս, որ ժողովրդին երկրի վիճակի մասին պատմենք:
Հիմա նույն բանը կարող ենք համացանցով անել: Մի տեսանյութ ես տեղադրում,ու այն ավելի շատ մարդ է դիտում, քան սերիալների արանքում լուրերի հաղորդումները: Մանավանդ, որ քաղաքական գովազդի վրա մեծ գներ են դրված», – ասաց նա:
Համալսարանում հաշվարկային մաթեմատիկա սովորած Արշակ Սադոյանի հաշվարկներով 1 րոպե հեռախոսազանգի համար 5-70 դրամ ենք վճարում, իսկ նորմալ ծավալով 1ՄԲ ինտերնետի համար կարող ենք 0.5 դրամ վճարել, որով հնարավոր է 5 րոպե զրուցել:
«Պետք է ստիպենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որ քայլեր ձեռնարկի և 2014-ին 1րոպե հեռախոսազանգի համար գանձվող գումարը նվազեցնի մինչև 1 դրամ, պետք է ստիպենք նախագահի թեկնածուներին սմարթֆոնների, պլանշետների համար գանձվող ԱԱՀ-ն հանել, դրանց գինը 20 տոկոսով կիջնի: Պետք է ստիպենք քաղաքապետարաններին, համայնքապետարաններին, որ Հայաստանի ամբողջ տարածքը ծածկեն անվճար WiFi ցանցով», – ասաց Արշակ Սադոյանը:
Նրա խոսքով այդ քայլերը հնարավորություն կտան հաղորդակցությունը հեշտացնել և քաղաքական նոր դաշտ ստեղծել: Ինքն իր ֆեյսբուքյան էջով արդեն սկսել է, բայց odnoklassniki.ru-ն չի օգտագործում:
«Այնտեղ մի քիչ ուրիշ տեղ է», – ասաց նա:





