Բարաք Օբամայի վերընտրությունը որոշակի անդրադարձ կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա և 2015 թվականին ընդառաջ փորձ կարվի վերաքննարկել և նորից մեջտեղ բերել հայ-թուրքական հարաբերությունները: Այս կարծիքին է Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայատանի իշխանությունները պետք է կարողանան օգտվել 2015 թվականի ավելի հայանպաստ մթնոլորտից և կարողանան վեր բարձրացնել շատ հարցեր, որոնցից մեկն է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրին շրջափակումը. «Հայատանի շրջափակումը դա հանցանք է, ըստ միջազգային իրավունքի, և հետևաբար Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիայի կողմից պետք է լինի միջազգային պարտավորություն և ոչ թե լավություն մեզ»,-ասաց բանախոսը:
Արա Պապյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի կառավարելի քաոսում քաղաքական փոփոխություններ անելն ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ էր պլանավորված, դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի համար կարող են լուրջ մարտահրավերներ առաջանալ. «Առաջիկայում մեզ համար կարող են մեծ հնարավորություններ բացվել, բայց միևնույն ժամանակ, այդ նույն ժամանակաշրջանը կարող է լինել մեզ համար մեծ կորուստների ժամանակաշրջան»,- ընդգծեց բանախոսն ու հավելեց, որ դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչ չափով պատրաստ կլինի և որքան համարժեք քաղաքականություն կիրականացնի:





