AM
8 Նոյեմբեր 2012 - 11:22 AMT

Պատգամավորի թեկնածուն բողոքում է. վարչական ռեսուրսն արդեն գործի է դրվել

Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ նոր է մեկնարկել, սակայն վարչական ռեսուրսը արդեն գործի է դրված: Այս ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ, չնայած նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների հայտարարած հավասար, մրցակցային, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու քաղաքական կամիքին, «հին ու բարի ավանդույթները» շարունակվում են: Պատգամավորի թեկնածուն արդեն մի շարք խախտումների է ականատես եղել: «Թիվ 170 և 133 դպրոցներում ծնողական ժողով են հրաիրում, որին գալիս են քարոզիչներ և տանում են ՀՀԿ-ի թեկնածուի քարոզչությունը: Ծնողներին կանչում են անձնագրերով և տվյալներ են վերցնում: Խնդրի մասին բարձրաձայնել եմ: Սա հավասար մրցակցություն չէ: Իսկ իմ մրցակիցը այս քայլերով նպաստում է, որ իր հանդեպ վստահությունը նվազի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ այս ընտրությունները նախագահականից առաջ թեստ են, և միջազգային դիտորդները ուշադիր հետևելու են: «Ես կոչ եմ անում դադարեցնել այս օրինախախտումները: Չեմ ցանկանա, որ այս ընտրությունները սև բիծ թողնեն գալիք նախագահականի վրա»,- ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն: Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, որ այս դեպքում թեկնածուն պայքարում է ոչ թե անձի, այլ պետության և վարչական ռեսուրսի դեմ: «Իմ մրցակիցը, ցավոք, այս անգամ պետությունն է և համակարգը, երբ իմ և Ավանի բնակիչների վարչական ռեսուրսը ուղղվում է իմ դեմ»,- շեշտեց նա: