AM
8 Նոյեմբեր 2012 - 11:39 AMT

Առաջիկայում կձևավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Քուսեյ ալ Սիհաիլիի` այսօր Բաղդադում կայացած հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցեր:

Ա. Գևորգյանը իրաքյան կողմին փոխանցեց Հայաստանի ԱԺ նախագահի բարեմաղթանքները: Փոխվարչապետը նշեց երկու երկրների խորհրդարանների միջև ավանդական բարեկամական կապերի մասին` բարձր գնահատելով հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում խորհրդարանական համագործակցության դերը:

Քուսեյ ալ Սիհաիլին իր հերթին նշեց հարաբերությունները զարգացնելու իրաքյան կողմի շահագրգռվածությունը` տեղեկացնելով, որ առաջիկայում կձևավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը, որն իր գործունեությամբ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը: Նա ավելացրեց, որ ոչինչ չի խանգարում բարեկամ հայ ժողովրդի հետ կապերը խորացնելուն:

Խորհրդարանի փոխնախագահը նաև ջերմությամբ խոսեց իրաքահայ համայնքի մասին` նկատելով, որ երկրում ամենուր նկատելի է հայերի հետքը: Նա նշեց հայ համայնքի դրական դերը երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում` ընդգծելով, որ Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի հետ ունեցած դարավոր բարեկամությունը:

Երկուստեք համոզմունք հայտնվեց նաև, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Կողմերը մտքեր փոխանակեցին Իրաքի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Այսօր Բաղդադում տեղի ունեցավ նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնեցված փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ԻՀ փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսն ստորագրեցին նիստի արձանագրությունը, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:

Բաղդադից փոխվարչապետը մեկնեց Սուլեյմանիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: