Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվեց վճիռն այն դատական գործով, որը անցել էր ըստ «Կյանքի խոսք» աղանդի հայցի ընդդեմ «Իրավունք» և «Արգումենտի Նեդելի Արմենիի» թերթերի։ Ինչպես գրում է «Իրավունք»-ը, հայցն ամբողջությամբ մերժվել է, և ըստ վճռի՝ հայցվոր կողմը պարտավորվում է հոգալ փաստաբանական ծախսերը։ Հիշեցնենք, որ վերը նշված աղանդը այս լրատվամիջոցներից պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել «աղանդ» բառը գործածելու և հայտնի Անժելա Սարգսյանին «Կյանքի խոսքի» անդամ ներկայացնելու համար։ «Իրականում, ինչպես արտահայտվում էին աղանդի պարագլուխները, նրանց նպատակն էր մամուլում վախ սերմանել աղանդի հանդեպ որևէ քննադատական խոսք հրապարակելու առումով։ «Իրավունքի» ղեկավարությունը դատարանի այս վճիռը գնահատում է որպես Հայաստանում ժողովրդավարական արժեքների, այն է՝ մամուլի, խոսքի, կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքների պաշտպանություն»,- գրում է թերթը:





