AM
9 Նոյեմբեր 2012 - 11:49 AMT

Դավիթ Ջամալյան. Մենք չեն կարող դառնալ նախադեպ և զիջումներ անել մեր հայրենիքի տարածքից

Հակամարտությունները, որոնց հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքի իրացումը, արագ չեն կարգավորվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Ինքնորոշում ենթադրող հակամարտությունները, որոնցից է նաև Արցախի հակամարտությունը, տարածքային փոխզիջումները բացառում են, ուստի հայկական կողմը նահանջելու տեղ չունի։ «Մենք չեն կարող դառնալ նախադեպ և զիջումներ անել մեր հայրենիքի տարածքից: Մենք պետք է զինվենք համբերությամբ և ամրապնդենք արցախյան պետականությունը: Պետք է ադրբեջանցիների մոտ ավելի արագ հասունացնել այն գաղափարը, որ նրանք անդառնալիորեն կորցրել են այդ տարածքները»,- ընդգծեց նա:

Դավիթ Ջամալյանը նշեց, որ Ադրբեջանը կարկատաններով ստեղծված պետությունն է, և ակնկալում է, որ արցախահայությունը կդառնա իր կարկատաններից մեկը: Ռազմական փորձագետը համոզված է, որ պետք է ամրապնդել Արցախի պետականությունը, ինչն էլ անհնար կդարձնի այդ հույսերը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, փորձագետը ասաց, որ հայկական կողմի համար գերխնդիրն Արցախը հայապատկան պահելն է։ «Կարելի է Արցախում հանրաքվե անցկացնել՝ միավորելով Արցախը Հայաստանին: Երկրորդ ճանապարհը Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է»,- նշեց Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, սակայն, այս պահին ավելի կարևոր է ընդգծել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը: