Հայ խորհրդարանականները անհանհագստացած են միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման հեռանկարով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել են ԵԱՀԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Բերտրան դե Կրումբրուգին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել ԵԱՀԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանման հարցում: Հանդիպման ընթացքում նշվել է այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կուսակցություններ, սակայն ղարաբաղյան հարցում նրանք բոլորը միասնական են եւ գտնում են, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ընթացքում: Կողմերը կարեւորել են ղարաբաղյան հարցի քննարկումը ԵԱՀԿ շրջանակներում, որտեղ լավագույնս պատկերացում կա այդ խնդրի մասին: Հայ պատգամավորների կարծիքով` բավականին կարեւոր է ԵԱՀԿ մասնակցությունը հանրապետության օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդունվող օրենքները եվրոպական չափանիշներին ներդաշնակելը:





