Ներդրումային, առևտրի և զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները քննարկվեցին այսօր Էրբիլում կայացած ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքյան Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի նախագահ Հերիշ Մուհարամ Մուհամադի հանդիպմանը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց Քուրդիստանում իրականացվող ծրագրերը, գործարար և ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրողների համար նախատեսված արտոնությունները:
Քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, գործարար կապերի, ոլորտին աջակցող կառույցների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կարևորվեց գործարար և ներդրումային դաշտի վերաբերյալ կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին:
Փոխվարչապետը նկատեց, որ քուրդ գործարարները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում, ինչը նաև հնարավորություն կընձեռի դուրս գալ այլ երկրների շուկաներ:
Երկուստեք կարևորվեց Զարգացման հայկական գործակալության և Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի միջև համագործակցության հաստատումը:
ՀՀ փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաև Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադիի հետ: Նահանգապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին տարիներին նահանգում և Էրբիլ քաղաքում իրականացվող պետական ծրագրերի, նահանգի զարգացման հեռանկարային ուղղությունների, ինչպես նաև տարածքային կառավարման համակարգի մասին:
Ա. Գևորգյանը տեղեկացրեց Հայաստանի կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականության, տարածքային կառավարման համակարգի գործունեության սկզբունքների մասին:
Զրուցակիցները քննարկեցին նաև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության հնարավորությունները:
Ավարտելով աշխատանքային այցը Իրաքի Հանրապետություն`փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:





