AM
12 Նոյեմբեր 2012 - 12:02 AMT

ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը դարձյալ ուղեկցվեց վիճաբանությամբ

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Այս նիստն էլ, ինչպես նախորդը, ուղեկցվեց բողոքի ակցիայով, որի մասնակիցները ազատություն էին պահանջում Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների համար: Այս անգամ ևս թե նիստերի դահլիճում, թե դատարանի բակում մթնոլորտը լարված էր: Վիճաբանություն տեղի ունեցավ մեղադրյալների և դատավորների, մեղադրյալների և մեղադրողի միջև։

Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով դուրս հրավիրվեցին: Դատական նիստը 2 անգամ ընդհատվեց, որ ներկաները խաղաղվեն, բայց նրանք շարունակեցին դատավորի հասցեին անհարգալից բառեր հնչեցնել: Դատը կշարունակվի վաղը:

Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: