Հայաստանում դասական իմաստով ընդդիմադիր ուժ չկա, քանի որ բոլոր ուժերն այս կամ այն ձևով եղել են իշխանություն` կամ կոալիցիայի միջոցով, կամ իրոք իշխանություն են ունեցել և գրեթե պահել են իրենց այնպես, ինչպես այսօր իրենց պահում են այսօրվա իշխանությունները: «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել կառավարման փործագետ Հարություն Մեսրոպյանը: «Ցանկացած նոր ձևաչափեր գտնելը, նոր օրինաչափություններ կազմելը, պետության կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխելը, ինձ համար ոչ մի արժեք չունեն»,- ընդգծել է փործագետը:
Խոսելով կուսակցությունների՝ քաղաքական քննարկումներ սկսելու առաջարկի մասին՝ նա նշել է, որ կուսակցություններն ակտիվանում են միայն ընտրություններից առաջ՝ առևտրական տեսանկյունից ելնելով: Հարցին, թե ՀԱԿ-ը նույնպես կմասնակցի՞ այդ առևտրին, նա պատասխանել է.
«Իհարկե, բոլորը: Ես չեմ առանձնացնում: Գնում է առևտուր: Հիշո՞ւմ եք, չէ՞, որ խորհրդարանական ընտրություններին ստեղծվել էր մաքուր և ազատ ընտրություններին սատարող շտաբ, բոլորը եկան, ասացին՝ «մենք տեր ենք լինելու մեր քվեներին»:
Երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, և բոլորը ստացան մաթեմատիկական նվազագույն թվերը, սկսեցին բացատրել, թե ինչու չստացվեց: Սա արդեն կրկնվում է 20 տարի: Ես հանգիստ խղճով ասում եմ՝ այն, ինչ եղել է, copy-paste արեք փետրվարին, կստացվի նույն արդյունքը: Մեր ժողովուրդը վաղուց հիասթափվել է մեր քաղաքական դաշտից և գործիչներից:
Ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ քաղաքականության նկատմամբ կամ անտարբերություն է, կամ ուղղակի զզվանք: Այսօր ասպարեզում չկա մի քաղաքական ուժ, որը վայելում է ժողովրդի աջակցությունը»,- 168 ժամ»-ին ասել է Հարություն Մեսրոպյանը::





