Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անելու` պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին առաջարկությամբ ԲՀԿ-ն պաշտոնապես դիմել է նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ պատասխանելով հարցին` արդյոք ՀՀԿ-ն ընդունելո՞ւ է ԲՀԿ առաջարկը, ասել է. «Մենք քննարկելու բան չունենք»:
Հիշեցնենք, որ Շարմազանովը դեռևս օրեր առաջ ասել էր, թե ԲՀԿ-ի այդ նախաձեռնության հետևում կոնկրետ անուններ են թաքնվում: Թերթի հարցին, թե արդյոք այդտեղ կարո՞ղ է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, նա պատասխանել է. «Ես Ռոբերտ Քոչարյանի անունը չեմ տվել: Պարոն Քոչարյանի հետ կապված հստակ հայտարարություն եմ արել: Ռոբերտ Քոչարյանը կուսակցական չէ: Ես խոսել եմ մարդկանց մասին, պլատոնական սիրախաղերի մասին»:
Անդրադառնալով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես կգան միասնական թեկնածուով, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Դա իրենց պրոբլեմն է՝ հանդես կգան, հանդես չեն գա: Մենք ունենք մեր թեկնածուն:
Դա հասարակության թեկնածուն է: Գործող նախագահին այլընտրանքային թեկնածու ես չեմ տեսնում»: Հարցն էլ, թե արդյոք ՀՀԿ-ում մտավախություն չունե՞ն՝ կապված Gallup-ի անցկացրած հարցումների հետ, համաձայն որի՝ եթե առաջիկա կիրակի անցկացվեին ընտրությունները, ապա գործող նախագահը կստանար ձայների 28%-ը, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 19%-ը, Շարմազանովը պատասխանել է. «Նախ, մտավախությունը քաղաքական կատեգորիա չէ, և երկրորդ` մեզ չի կաշկանդում հնարավոր որևէ թեկնածու: Մեր թեկնածուն ամենավարկանիշայինն է, ամենաազնիվն է, ամենափորձառուն է, ամենապետականամետն է և միակ ֆավորիտն է: Պայքարը գնալու է երկրորդ տեղի համար»: Գրում է «168 ժամ»-ը:





