AM
13 Նոյեմբեր 2012 - 09:37 AMT

Հայաստանում չինացի տուրիստների մեծ հոսք է սպասվում

Հայաստանն իրավապայմանագրային դաշտում ակտիվորեն համագործակցում է արտասահմանի հետ տուրիզմի ոլորտում: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: «Դրա ամենավառ վկայությունը ՀՀ կառավարության 04.10.2012 N 1255-Ն որոշմամբ Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար 2013թ. հունվարի 10-ից առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմի սահմանումն է: Այդ որոշումը մեծ թափ կհաղորդի արտագնա և ներգնա տուրիզմի զարգացմանը Հայաստանում»,- նշեց նա:

Փոխնախարարը կարևորեց նաև այն փաստը, որ մեկնարկել է Չինաստանի կողմից Չինական զբոսաշրջային շուկայի համար Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» (ADS) կարգավիճակի շնորհման գործընթացը: «Դրանով մենք կանաչ լույս ենք վառում Չինաստանից զբոսաշրջիկների հոսքի համար: Դրա հետ մեկտեղ մենք մտադիր ենք զբոսաշրջության ոլորտում համագործակցություն զարգացնել նաև մի շարք այլ կարևոր երկրների հետ: Այդ թվում մշակվել և համաձայնեցման փուլում են զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Շրի Լանկայի Հանրապետության, Քաթարի Պետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Իսպանիայի Թագավորության հետ»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանը դեռևս այդքան երկրների հետ իրավապայմանագրային դաշտում համագործակցություն չէր ձեռնարկել:

Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում տեղ գտած կարևոր քայլերին իրավապայմանագրային դաշտում` Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ մշակվել և շուտով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Բացի այդ, բանակցություններ ենք վարում իսպանական բրենդային հյուրանոցների ղեկավարների հետ և ակնկալում ենք, որ այս տարի այդ հյուրանոցների 4-5 ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան, և պատրաստակամություն կհայտնեն ներդրումներ կատարելու հայկական հյուրանոցների որակը կբարձրացման գործում և, ինչու չէ, կքննարկվի նրանց կողմից որոշ հայաստանյան հյուրանոցների ղեկավարումը ստանձնելու հարցը»,- ասաց նա: