AM
13 Նոյեմբեր 2012 - 12:10 AMT

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը բարձր է գնահատում ուրուգվահայերի դերը երկրի զարգացման գործում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է ավելի ու ավելի զարգացնել` հիմք ընդունելով մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը: Նա կարևորել է երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը` միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով դրա արդիականացումը և ընդլայնումը, որպեսզի պարարտ հող ստեղծվի տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության համար:

Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման բարձրաստիճան այցելությունները, ինչպես նաև՝ պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքը: ԱԺ նախագահը որպես երկկողմ բարեկամության վառ օրինակ նշել է 1965թ. Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ինչը վկայում է մարդու իրավունքների պաշտպանության գործում Ուրուգվայի ունեցած անգնահատելի ավանդի մասին: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան մեծապես կնպաստի երկկողմ միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխշահավետ համագործակցությանը:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և կարևորել երկկողմ կապերի զարգացումն ու ամրապնդումը տարբեր ոլորտներում: Նա նույնպես անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և սերտացումը: Օռիկոն նաև բարձր է գնահատել ուրուգվահայերի դերը Ուրուգվայի զարգացման գործում: «Ուրուգվայի մշակույթի ձևավորման գործում մեծ է հայերի ներդրումը: Այժմ էլ նրանք ներգրավված են մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում, սկսած կառավարությունից մինչև կրթության, գիտության ու սպորտի ոլորտները: Հայաստան գալով՝ մենք մեզ տանն ենք զգում»,-ասել է Խորխե Օռիկոն: Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներին միավորում է անցյալը, առանց որի հնարավոր չէ հասկանալ ներկան, և հարուստ համատեղ ժառանգությունը օգնելու է միասին շարժվելու դեպի ապագա: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ շփումները կլինեն ավելի հաճախակի և կնպաստեն արդյունավետ համագործակցությանը: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: