AM
14 Նոյեմբեր 2012 - 10:59 AMT

Քաղաքագետ. Հայաստանի քաղաքական դաշտը կիլոմետրերով հեռացել է ազգային խնդիրներից

Հայաստանի քաղաքական դաշտը կիլոմետրերով հեռացել է ազգային խնդիրներից: Հայրենի քաղաքական դաշտում որևէ լուրջ խնդիր, որ կվերաբերեր ազգային պետականության և հասարակության շահերին, ըստ էության, չի քննարկվել: Քաղաքագետ Արմեն Աղայանը պնդում է, որ եթե անգամ այդ քննարկումներն ինչ-որ կերպ առնչվել են նշված հարցերին, ապա քաղաքական ուժերից որևէ մեկը հստակ լուծում չի առաջարկել: Այս մասին քաղաքագետն ասաց PanARMENIAN.Net-Ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ և ՀՅԴ՝ 100-տոկոսանաց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկություններին:

«Ըստ էության, այս հարցը օրակարգում առաջադրված է բոլոր քաղաքական ուժերի կողմից, իսկ թե որքանով է համապատասխանում հայ ազգի շահերին, այլ հարց է: Օրինակ, ըստ իս՝ կուսակցականացվածությունը ընդհանրապես հայ ազգի շահերից չի բխում և կուսակցությունները մարդիկ ընկալում են որպես ազգի պառակտման միջոց: Այս տեսակետից, գուցե այդքան էլ կարևոր չէ, թե որ ընտրակարգով կպայքարեն այս ուժերը միմյանց դեմ»,- նկատեց Արմեն Աղայանը: Նա նաև ընդգծեց, որ քննարկումների մասնակիցները գոնե այս պահին ոչ իշխանական կուսակցություններ են և նրանց բոլորին ձեռնտու է համամասնական ընտրակարգը, որովհետև դրանով նրանք կունենան մոտավորապես 45 տոկոս ավելի շատ ներկայացվածություն ԱԺ-ում: «Շատ նորմալ է, որ չունենալով այլ ընդհանրություններ, փուրձում են այս ընդհանուր շահի փոքր դրսևորումները օգտագործել իշխանությունների դեմ պայքարում»,- եզրափակեց քաղաքագետը:

Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդատվությունները մյուս քաղաքական ուժերի հետ արդեն սկսկել է: ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը նախատեված է վաղը: Իսկ ՀՀԿ-ն արդեն հրաժարվել է մասնակցել քաղաքական խորհրդատվություններին: