AM
15 Նոյեմբեր 2012 - 12:23 AMT

Գերմանիան 4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին պահպանվող տարածքների աջակցության ծրագրով

Երևանում նոյեմբերի 14-15-ը տեղի ունեցած Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսն այսօր ստորագրեցին փոխհամագործակցության արձանագրություն: ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը և KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Դավիդ Բետոլազան:

Ստորագրման արարողությունից հետո պրն. Ատոմ Ջանջուղազյանը և պրն. Անդրեաս Գիսը մանրամասներ ներկայացրեցին նիստի արդյունքների վերաբերյալ, ըստ որի կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում:

Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզբում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է երեք ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում: Վերջին 20 տարիների ընթացքում գերմանական օժանդակությունը Հայաստանին կազմել է շուրջ 400 մլն եվրո, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: