Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Վրաստանի արդարադատության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվել են իրավական տեղեկատվության փոխանակման և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:
ՀՀ դեսպանն անդրադարձել է Վրաստանի տարածքում ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցին:
Մանուկյանը և Ծուլուկիանին քննարկել են նաև օրենսդրական քաղաքականության և երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հնարավորության հետ կապված հարցեր:
Գիորգի Կվիրիկաշվիլին կարծիք է հայտնել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը տնտեսության զարգացման ոլորտում կարևոր ուղղություններից կարող է լինել, և երկու պետությունների միջև առկա համագործակցութունը պետք է առավել ընդլայնվի: Նախարարը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Մանուկյանը հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է մեծ պոտենցիալ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Մասնավորապես, նշվել է տուրիզմի ոլորտը, որտեղ հեռանկարային և արդյունավետ կարող է լինել համատեղ տուրիստական երթուղիների մշակումն ու տուրիստական ենթակառուցվածքների համադրելի զարգացումը:
Անդրադառնալով վրացական նավահանգիստների և երկաթգծի անխափան աշխատանքի հետ կապված Հայաստանի շահագրգռվածությանը` դեսպան Մանուկյանը կարեւորեց դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների բնականոն ընթացքի ապահովման հարցը:





