ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջին պաշտոնական հանդիպումը ավարտված է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը այս հանդիպումը համարում է նոր և թարմ հարաբերությունների սկիզբ: «Մենք շատ ենք կարևորում Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները բոլոր ասպեկտներով: Այցը կարևոր էր, որովհետև ՀՀ նախագահն այցելեց Լիոն, հանդիպեց ամենակազմակերպված հայկական համայնքի, Ֆրանսիայի նախագահի, վարչապետի, սենատի հետ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Կարինե Աճեմյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ինչու այցի ընթացքում անդրադարձ չեղավ Ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ դա տեղի չունեցավ, քանի որ նախագահների հարաբերությունները ձևավորման փուլում են: «Այս հարաբերություններում կարևոր է նաև մարդկային գործոնը: Կարծում եմ, որ ջերմ հարաբերություններ ձևավորվեցին և հետագայում կանդրադառնան բոլոր հարցերին:
Ինչպես Սարկոզիի դեպքում, այնպես էլ Օլանդի՝ այդ հարաբերությունները ակտիվ են լինելու»,- նկատեց նա: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Պետությունների ղեկավարները անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:





