AM
16 Նոյեմբեր 2012 - 11:36 AMT

Քաղաքագետ. ԲՀԿ-ն կարող է լավ արդյունքներ գրանցել՝ եթե չշտապի իր որոշումները կայացնելու և որևէ ուժի միանալու հարցում

Մեր հասարակությունը խիստ քաղաքականացված է և դա բացասական հետևանքներ է թողել մարդկանց վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հովհաննես Հայրապետյանը: Ներքաղաքական վերջին զարգացումներին քաղաքագետը չցանկացավ հստակ անդրադառնալ: «Նախընտրական քարոզարշավից հետո ամեն բան պարզ կլինի»,- ասաց Հովհաննես Հայրապետյանը: Նրա համոզմամբ՝ այս նախագահական ընտրություններում էլ կլինեն կեղծիքներ, կորոշեն պայքարել երեկվա կեղծիքների դեմ ու առաջ կբերեն կեղծելու նոր եղանակներ: Ըստ Հովհաննես Հայրապետյանի՝ ԲՀԿ-ն, եթե չշտապի իր որոշումները կայացնելու և որևէ ուժի միանալու հարցում, ապա կարող է լավ արդյունքներ գրանցել: Ընդդիմադիր ընտրազանգվածի՝ ՀԱԿ-ի ընտրողների քառասուն տոկոսը հնարավոր է անցնեն ԲՀԿ-ի կողմը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, արդյո՞ք քաղաքագետը ԲՀԿ-ի հետևում տեսնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ստվերը», և ինչպես կմեկնաբանի նրա տարածած հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական օրակարգը, Հովհաննես Հայրապետյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանին այս պահին քաղաքական գործիչ չի համարում: «ԲՀԿ-ն նախագահ ունի, և, որպես կանոն, որևէ կուսակցության որոշում նախագահն է կայացնում»,- նկատեց քաղաքագետը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ քաղաքականությանը պետք չէ մեծ նշանակություն տալ: