AM
20 Նոյեմբեր 2012 - 13:29 AMT

Հրայր Թովմասյան. ՔԿՀ-ներում առկա խնդիրները բազմաշերտ են

Գաղտնիք չէ՝ միջազգային տարբեր կառույցների զեկույցներում ոչ դրական անդրադարձներ կան Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պայմանների վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները վերջերս եղել են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տեղում ծանոթացել պայմաններին, արձանագրել այն խնդիրները, որոնք կարող են բերել օրենսդրական փոփոխությունների: Հանձնաժողովները գրավոր առաջարկներ են ստացել նաև խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպություններից:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների խնդիրներին առավել մանրամասն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ կարևորելով դատապարտվածների հանդեպ հասարակության մեջ հատկապես վերջին շրջանում մեծացող ուշադրությունը: Նրա խոսքով՝ այս թեմայի հետ կապված հասարակական ակտիվությունը հասկանալի է և սպասելի, ոլորտում առկա խնդիրները բազմաշերտ են, կրում են խորհրդային բանտային համակարգի բացասական երևույթները: ՔԿՀ-ներում առկա խնդիրներից նախարարն առանձնացրել է շենքային վատ պայմանները, զբաղվածության ցածր աստիճանը, այլընտրանքային պատիժների կիրառման ոչ բավարար մակարդակը, որակյալ կադրերի պակասը և այլն: Միաժամանակ Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ այս ոլորտում արագ բարեփոխումները մեծ ռիսկայնություն են պարունակում. աշխարհի որևէ երկիր բանտային համակարգում հեղափոխական քայլերի չի գնում: Շտապողականության պայմաններում գտնված լուծումները, ըստ նախարարի, «կոսմետիկ» են, հետևաբար հարկավոր է գնալ երկարաժամկետ և հիմնարար լուծումների ճանապարհով: Անդրադառնալով բանտերում ինքնախեղումներին՝ Հրայր Թովմասյանը հավատացրեց, որ յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, և պատճառներն իրենց ուշադրության կենտրոնում են:

Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի ունեցած տվյալները ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ևս անդրադարձել է ինքնախեղման դեպքերին՝ նկատելով, որ դրանք հիմնականում լինում են սոցիալական խնդիրների հետևանքով: Կարեն Անդրեասյանի պնդմամբ՝ ՔԿՀ-ներում ծայրահեղության հասած խնդիրներ կան, կոռուպցիոն երևույթներ: