AM
21 Նոյեմբեր 2012 - 15:39 AMT

Արմեն Աշոտյանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության հարցով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ-ից:

Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում ՄԱԿ-ի գործակալությունները կարևորագույն գործընկերներ են: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ տպավորիչ և արդյունավետ համագործակցություն է ծավալվել հիմնականում մասնագիտական կրթության ոլորտում:

«Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել մեկ այլ խնդրի վրա: Դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է "Կրթության խտրականության մասին" հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահմանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պարտրաստակամություն է հայտնել հարցը քննարկել, որին հաջորդել է իմ երկրորդ գրությունը` համապատասխան աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որին, ցավոք, առ այսօր պատասխան չի ստացվել», – ասաց նախարարը և խնդրեց Պատրիս Կոր-Բիզոյին միջամտությունը:

Երկրորդ խնդիրը, որի մասին Արմեն Աշոտյանը խոսել է, վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական վիճակագրությունը, որը բազմաթիվ միջազգային կառույցներ համարում են ամենարժանահավատ կրթական-տեղեկատվական աղբյուրներից մեկը և իրենց աշխատանքներում շատ հաճախ հղում են կատարում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքին:

«Մենք պարբերաբար ՀՀ կրթական համակարգի թարմ հաշվետվություններն ուղարկում ենք ՅՈՒՆԵՍԿՕ, որոնք, ցավոք, մեծ ուշացումով են տեղադրվում կայքում, և ՀՀ կրթական բաղադրիչի գնահատականը երբեմն ձևավորվում է կայքում առկա 5 տարվա վաղեմության տվյալների վրա», – ասել է Արմեն Աշոտյանը:

Նախարարն այս համատեքստում բարձրացրել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում չճանաչված տասնյակ պետությունների կրթական վիճակագրության ցանկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացակայության խնդիրը` կոչ անելով այս հարցում չկիրառել կրկնակի մոտեցումներ` հատկապես, որ, ըստ նախարարի, ԼՂՀ-ն ևս համապատասխան կրթական հաշվետվություն է պարբերաբար ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ: