ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պատրիս Կյող-Բիզոյին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կողմերն անդրադարձել են Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի գործունեությանը, նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի 17 տարիների արդյունավետ համագործակցությանը, քննարկել են առաջիկա ծրագրերի հետ առնչվող ճանաչողական բնույթի հարցեր:
Բնապահպանության նախարարը, ով նաև Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի /ԳԷՀ/ քաղաքական և գործառնական ազգային համակարգողն է, նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը այն կառույցներից է, որի միջոցով ԳԷՀ-ը հաջողությամբ իրականացրել է ազգային և տարածաշրջանային բազմաթիվ ծրագրեր:
Սկսած 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր (ՏԱԾ):
Պատրիս Կյող-Բիզոն կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ նախարարության երկարամյա համագործակցությունը: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Հայաստանի ազգային պարկեր շրջայցեր կազմակերպելու ուղղությամբ:





