Այսօր ՀՍԻԿ կրթամշակութային «Զվարթունք» կենտրոնում տեղի է ունեցել Մարդու իրավունքների հայկական դպրոցի «Իրազեկություն հանուն հավասարության և արդարության» թեմայով երկօրյա դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են կենտրոնից:
«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ամեն ինչ մեզ համար,մեզ հետ» ծրագրի փոքր դրամաշնորհով կազմակերպված դասընթացի մասնակիցները, որոնց 16%-ը հաշմանդամություն ունեցող անձիք են, համագործակցային մեթոդներով ուսումնասիրել են Մարդու իրավունքների հիմնադրույթները, Մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի և եվրոպական համակարգերը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Ինչպես ցույց է տվել դասընթացի սկզբին և վերջին կատարված գիտելիքների գնահատման հարցումների համեմատությունը, երկօրյա ուսման արդյունքում սովորողները զգալիորեն հարստացրել են իրենց գիտելիքները մարդու իրավունքների ոլորտում:
Բոլոր մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր, մեկական փաթեթ թեմատիկ գրականություն, այդ թվում` ՀՍԻԿ հրատարակած Մարդու իրավունքների դասագիրք, «Կողմնացույցիկ» մարդու իրավունքների կրթության ձեռնարկ և Լիարժեք կյանք պարբերաթերթի վերջին համարը:





