Ընտրացուցակներում ընտրողների թիվը համատարած ավելանում է, այն երկնիշ աճ է արձանագրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու`«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Սա զավեշտ է, ոչինչ չի արվում ընտրացուցակները մաքրելու համար: Միտումնավոր աճում է ընտրողների թիվը: Կան հասցեներ, որտեղ 70 չափահաս մարդիկ են գրանցված: Կան բնակարաններ, որտեղ երկու ընտրող է ապրում և տեղյակ չեն, որ իրենց տան վրա ևս երկուսն են գրանցված»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նաև հայտնեց, որ ընտրացուցակներում մարդիկ կան, ովքեր քսան տարուց ավելի բացակայում են երկրից, իսկ նույն սեփական տանը գրանցված է տարբեր ազգանուններով հինգ-վեց ընտանիք:«Կներեք, մոխրամանն էլ դնի թեկնածություն, կանցնի այսպիսի ձայներով: Սա նախագահական ընտրությունների շեմին ահազանգ է: Ընդդիմությունը մեծ գործ ունի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրամադրված ընտրացուցակներից պարզ է դարձել, որ մայիսի 6-ից հետո այնտեղ 2000-ից ավելի քաղաքացիների անուններ են ավելացել (մայիսի 6-ի դրությամբ՝ 63 814 քաղաքացի, այսօրվա դրությամբ՝ 65 հազար և ավելի):





