ՀԿ-ների կողմից համապետական ընտրությունների նախաշեմին ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկների և քննարկումների համար ընտրված ժամանակը ճիշտ չէ: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ առաջարկությունները մեծածավալ են, դրանք վերաբերում են ամենատարբեր հարցերի: «Կան առաջարկներ, որոնք ոչ միայն ընկալելի չեն, այլև ընդունելի չեն: Փաստորեն ներկայացվում են առաջարկներ առաջիկա համապետական ընտրությունների շեմին, խնդիր է ծագում, որքանո՞վ է ողջամիտ համապետական ընտրություններից առաջ փոխել խաղի կանոնները: Իրականում աշխատանք է կատարված, այդ առաջարկների մասին կարելի է մտածել, բայց այն հարցադրման հետ, թե մինչ նախագահի ընտրություններ պետք է իրականացվեն այս բարեփոխումները, համաձայն չեմ»,- «Քաղաքացիական հասարակության պահանջները`ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: Նա նաև նկատեց, որ ներկայացված է ոչ թե օրենքի նախագիծ, այլ առաջարկություններ: Որպեսզի դրանք սամանված կարգով կիրառվեն, պետք է նախ ձևավորվի օրենքի նախագիծ, ապա այն պետք է մտնի շրջանառության մեջ: Դրանից հետո միայն կարող են առաջարկություններ ներկայացնել:
«Եթե հաշվի առնենք նաև կանոնակարգ օրենքի պահանջները,ամենամեղմ ժամկետներում և ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ մինչև համապետական ընտրություններն ընդունել այդ առաջարկությունները»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Ավելացնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ներկայացրած ՀԿ-ները համոզված են, որ հայաստանյան ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են հենց ընտրական օրենսգրքում:





