AM
26 Նոյեմբեր 2012 - 14:52 AMT

Վարչապետ. Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարվածը Իրանին վատ կանդրադառնա տարածաշրջանային իրավիճակի վրա

Հայաստանը կողմ է, որ Իրանը կարողանա պայմանավորվել համաշխարհային հանրության հետ` ատոմի խաղաղ օգտագործման հարցում: «Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցրեը լուծվեն բանակցությունների միջոցով»,-«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարվածը Իրանին վատ կանդրադառնա ինչպես տարածաշրջանային իրավիճակի, այնպես էլ այն երկրների վրա, որոնք հանդիսանում են Իրանի անմիջական հարևանները: «Դա կարող է առաջացնել մի շարք բացասական երևույթներից բաղկացած շղթա, որոնք հետո շատ բարդ կլինի դադարեցնել և որոնք կարող են հանգեցնել աղետալի արդյունքների»,-ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի երկաթգծի և նավթատարի շինարարության հարցում համագործակցությանը՝ Սարգսյանն ասել է, որ իրանցի գործընկերների հետ ստորագրվել է այս երկու կարևորագույն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր: Ինչպես հաղորդել է վարչապետը, երկաթգծի վերաբերյալ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել օպերատորի հետ, որն այժմ իրականացնում է մասնավոր ներդրողների որոնում, ովքեր հետաքրքրված են Հայաստանի տարածքում այս նախագիծը ֆինանսավորմամբ: Իրանական կողմը ֆինանսավորելու է իր հատվածը:

Նավթատարի վերաբերյալ այժմ աշխատանքներ են տարվում տեխնիկական առաջադրանքի, ժամկետների, արժեքի և շահութաբերության ուղղությամբ:

«Պատժամիջոցներն, իհարկե, դժվարացնում են մեր աշխատանքը, անդրադառնում են իրականացման ժամկետների և արդյունավետության վրա: Սակայն բոլորովին վերջերս սկսեցինք ՀՀ և ԻԻՀ սահմանին ՀԷԿ-ի կառուցումը: Սա համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է մեր իրանցի գործընկերների կողմից: Մենք ուշացումով ենք սկսել այս նախագիծը վերոհիշյալ պատճառներով, սակայն առաջ ենք շարժվում»,- հավելել է Սարգսյանը: