AM
26 Նոյեմբեր 2012 - 14:07 AMT

Հայաստանն ու Լիբանանը կխթանեն տնտեսական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

Անցյալ տարի` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պատիվ ունեցանք Հայաստանում հյուրընկալելու Լիբանանի նախագահին: Այս տարի կայանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Լիբանան, և այս այցելությունների պարբերականությունը խոսում է այն մասին, որ մեր միջև հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, որ մենք ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, և այդ հարաբերությունները նաև զարգացնելու ցանկություն:

Քիչ առաջ նախագահ Սուլեյմանի հետ մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք. քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարևելյան և հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձևավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան ևս երկուսը:

Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ», հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: