AM
26 Նոյեմբեր 2012 - 14:11 AMT

ՀՀ նախագահ. Հայաստանն իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Անդրադառնալով համագործակցությանը միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Նախագահ Սուլեյմանին ներկայացրեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը»:

«Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է: Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը»,-ասել է նախագահը Բեյրություն, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: