ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ:
Հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):
Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը։ Սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 և 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրվի կազմակերպության կայքէջում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:





