Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը:
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, որտեղ մեծ մասնաբաժին են կազմում արդյունաբերական ձեռնարկությունները, տրամադրվել է 2,4 մլրդ դրամի վարկ: «Սա աննախադեպ ծավալ է, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, վարկավորվել է 29 ձեռնարկություն և երեք անհատ ձեռներեց: Այս ոլորտում բավականին լուրջ աշխուժություն է նկատվում և մենք ունենք վարկերի ստացման մեծ ծավալի նոր հայտեր»,- նշել է Տիգրան Դավթյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ ձևավորելու է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը կլրացնի այն կառույցների և գործիքների շարքը, որոնք առկա են այս ոլորտի զարգացման համար: Հիմնադրամի խորհրդի աշխատանքներին, բացի պետական հատվածից, կներգրավվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 2013 թվականի պետբյուջեով նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 300 մլն դրամ: Ակնկալվում է, որ այստեղ կներգրավվեն նաև մասնավոր միջոցներ:





