«Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը բեսթսելլեր կդառնա ոչ այնքան իր հետաքրքիր օրակարգով, որքան նրանով, որ այն հնարավոր է տեղի ունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան փողոցի վրա, որտեղ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, կառուցվում էր երկրորդ մասնաշենք։ Այնտեղ երեկ բուռն եռուզեռ էր. «շլիֆովկա» էին անում մուտքի աստիճանավանդակը, իսկ ներսում արդեն մաքրություն ու անպատմելի շքեղություն էր տիրում»,- գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ ՀՀԿ հին-բարի գրասենյակից ոչինչ չի մնացել, այն դարձել է ամբողջովին անճանաչելի՝ ռոկոկոյի ու բարոկոյի մի խառնուրդ, որին կուսակցական իմաստ հաղորդելն ահագին դժվար է լինելու, անգամ՝ նախընտրական այս փուլում։ «Նախկին նեղ միջանցքները փոխարինվել են ընդարձակ «անցուղիներով»։ Հազիվ տասը հոգի տեղավորող կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանն արդեն ընդարձակ հյուրասրահ ունի, ահավոր ընդարձակ աշխատասենյակում կաշվե կահույք է դրված, «կարգին» հեռուստացույց, ասացին՝ բոլոր տեղակալների սենյակներն էլ նույնկերպ հարմարավետ են, չնայած ճիշտ բառը «շքեղն» էր»,- գրում է թերթը։





