ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադարձել է բուհական պատմության դասագրքում 2008-ի նախընտրական և հետընտրական շրջանի մասին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գլխին: «Խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնույթի է, այլ` քաղաքագիտական, որովհետև, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձություններին պատմաբանը լիարժեք պատասխան և անաչառ գնահատական տալ չի կարող»,- ասել է Աշոտ Մելքոնյանը:
««Պետք է ժամանակ անցնի, համապատասխան աղբյուրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարավոր լինի տալ սպառիչ պատասխան»,- ասել է Մելքոնյանը:
ԵՊՀ-ում, սակայն, բոլորովին այլ կարծիքի են: Երեկ հայտարարություն է տարածել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, որտեղ ասվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից»»,- գրում է «Հայկական ժամանակը»։





