AM
28 Նոյեմբեր 2012 - 06:39 AMT

Վաղը Գյումրիում կբացվի հանրապետությունում նմանը չունեցող «Ազատության ճոճանակը»

Վաղը Գյումրու «Տիրամայր Հայաստանի Կուսաստանին» պատկանող «Պողոսյան պուրակի» տարածքում տեղի կունենա «Ազատության ճոճանակ» ծրագրի շնորհանդեսը և բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Ագաթ» հ/կ-ից: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նաև նպաստել հանդուրժողականության ձևավորմանը նրանց հանդեպ, մասնավորապես նպաստել անվասայլակով տեղաշարժվողների իրավունքների պաշտպանությանը՝ ապահովելով հավասար հնարավորություններ նրանց անվտանգ ժամանցի համար: Հատուկ ճոճանակը, որ կառուցվել է Գյումրու «Պողոսյան պուրակում» եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանում:

Ամբողջ աշխարհում «Ազատության ճոճանակ» (Liberty Swing) խորհրդանշական անունով հայտնի այս ճոճանակը հատուկ նախագծված և կառուցված է անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար` առանց տարիքային սահմանափակման: Այն յուրահատուկ է նաև նրանով, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ, անվասայլակով տեղաշարժվող մարդիկ կարողանում են անվասայլակով բարձրանալ ճոճանակի վրա՝ առանց կողմնակի օգնության: