AM
28 Նոյեմբեր 2012 - 12:19 AMT

Քերեն Հիլիարդ. Եռաստիճան կենսաթոշակային համակարգը վերջ կդնի կենսաթոշակառուների աղքատությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:

Վարչապետն անդրադարձել է քաղաքացիների խնայողությունների կառավարման և երաշխիքների հարցին. «Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքական շահարկումներ կան: Մեր հայեցակարգի դրույթները ճիշտ չեն ներկայացվում. փորձում են մարդկանց վախեցնել, որ այդ միջոցները պետությունը կփոշիացնի, և ապագայում քաղաքացին խնայողություններ չի ունենա: Այս հարցում էական նշանակություն ունի, թե ովքեր են լինելու կառավարիչները: Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` օրենսդրությամբ սահմանել ենք բավական խիստ չափանիշներ կառավարիչների ընտրության և կուտակված միջոցների կառավարման համար: Այդ միջոցները կարող են պահվել միայն հուսալի արխիվներում, որոնք համաշխարհային համադրումների ներքո համարվելու են առավել ապահով ակտիվներ: Պետությունը նաև պատրաստ է երաշխավորել գնաճին և փոխարժեքին առնչվող որոշակի ռիսկեր»: Ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ, մասնավորապես, Հայաստանում ներդրվում է անհատական հաշիվների համակարգ, որը հնարավորություն կտա 2013 թ. առնվազն 65 հազար տնտեսվարող սուբյեկտ ունենալ էլեկտրոնային ստորագրություն ու էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին:

Տիգրան Սարգսյանի խոսքով` ցանկացած բարեփոխում ենթադրում է քաղաքացիների վարքագծային կանոնների փոփոխություն, ինչը բավական ցավոտ գործընթաց է: Որպես հաջողված ռեֆորմի օրինակ նա մատնանշել է ճանապարհատրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որի նկատմամբ հասարակությունն այլևս բացասական վերաբերմունք չունի: Այդ տեսակետից կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և փոխանակումը:

Իր խոսքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քերեն Հիլիարդը բարձր է գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության գործողությունները. «Այսօր Հայաստանի կառավարությունը պատրաստ է գործարկելու եռաստիճան կենսաթոշակային համակարգը, որը վերջ կդնի կենսաթոշակառուների շրջանում աղքատությանը: Կառավարությունը ներգրավել է միջազգային փորձագետների և կառուցել նախագիծ, որը կօգնի մարդկանց մասնակցություն ունենալ կենսաթոշակային խնայողություններ կատարելու գործին: Այն պատասխանատվություն ունի կրթել ու տեղեկացնել քաղաքացիներին համակարգի մասին, իսկ ներկայիս սերունդը, որ համակարգի շահառուն է, պետք է բարձր գիտակցություն ունենա, որ ինքն այն անցումային օղակն է, որ կապահովի և՛ իր ծնողների, և՛ իր կենսաթոշակային գումարները»: Նոյեմբերի 27-28-ը Երևանում անցկացվող միջոցառմանը հրավիրված է ավելի քան 130 մասնակից` ԱՊՀ և Եվրամիության անդամ երկրների կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, մասնագետներ, պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների, առևտրային բանկերի և այլ ֆինանսական կառույցների, ասոցիացիաների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև ակտիվների կառավարիչներ: Տարեկան համաժողովի նպատակն է ուսումնասիրել կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը և մարտահրավերները, ինչպես նաև ամփոփել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների առաջին երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքները և քննարկել առաջիկա անելիքները: Միջոցառման իրականացմանն աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ու Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիան, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: