Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին: Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով նման ձևաչափով քննարկումները` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումը հասարակության բոլոր ինստիտուտներին առնչվող և բոլոր ոլորտներում արմատական փոփոոխություններ պահանջող ամենաբարդ ռեֆորմներից է, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ բաշխողական համակարգի դեպքում կենսաթոշակառուների կենսամակարդակը պայմանավորված է ոչ թե նրանց աշխատանքային կենսագրությամբ, այլ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, համաշխարհային տնտեսության կոնյուկտուրային փոփոխություններով: Ի վիճակի չլինելով վերցնել այդ ֆինանսական բեռը` զարգացած երկրները փորձում են կենսաթոշակային տարիքի փոփոխության և որոշակի սոցիալական պարտավորություններից հրաժարվելու ճանապարհով մեղմել սոցիալական լարվածությունը, բայց ապարդյուն:
Վարչապետի խոսքով` մասնագետները նշում են, որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանն այսօր դեռևս ունի հնարավորությունների պատուհան և պետք է օգտվի դրանից` իրականացնելով կենսաթոշակային բարեփոխումներ. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն` նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար: Ընդ որում, որպեսզի այդ անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը: Այսպիսի մոտեցումը պարտադրում է, որպեսզի հասարակությունը փոխի իր մտածողությունն այս բնագավառում: Մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014 թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կուտակային հիմնադրամներ ներդնելու պարագայում պետությունը չի խուսափում պատասխանատվությունից: Մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի նվազագույն սոցիալական երաշխիքների բաղադրիչ, որտեղ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է պետության վրա: «Պետությունը պարտավորություններ ունի սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ և երաշխավորում է նվազագույն սոցիալական ապահովվածություն իր բոլոր քաղաքացիների համար»: Գործելու են նաև կամավոր կուտակային հիմնադրամներ այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան կուտակել օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափից ավելի գումար:





