AM
30 Նոյեմբեր 2012 - 09:29 AMT

Սամվել Կոչոյին Օսկանյանի գործի մասին. Տպավորություն է, որ այն կապ ունի նախագահական ընտրությունների հետ

ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործում փողերի յուրացման և վատնման նշաններ չկան: Այս մասին ասված է Մոսկվայի Պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ Արդարադատության նախարարության և ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիի փորձագիտական եզրակացության մեջ: Ըստ նրա՝ նման հանցագործության համար նախ Օսկանյանն իր գործողություններով պետք է ինչ-որ մեկին վնաս հասցներ և պետք է բողոք լիներ: «Ես չգտա տուժողին, ում վնաս է հասցվել»,- ասաց պրոֆեսորը: Թե ինչու է հարուցվել այս գործը և ինչ նպատակներ ունի, Սամվել Կոչոյին դժվարանում է ասել: «Չեմ կարող ասել, թե որն է քրեական հետապնդման նպատակը: Տարօրինակ է, բայց գործի հարցուման ժամանակաշրջանը հանգեցնում է այն մտքին, որ այն կապ ունի նախագահական ընտրությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կոչոյին` հույս հայտնելով, որ Վարդան Օսկանյանին առաջադրված բոլոր մեղադրանքները կհանվեն: Նա նաև նկատեց, որ Օսկանյանի և Հանթսմանի միջև ամուր վստահություն է եղել և այդ պատճառով է, որ Հանթսմանը փողերը փոխանցել է Օսկանյանի և ոչ թե «Սիվիլիթասի» հաշվին: Նա նաև նկատեց, որ փողերի վերադարձման որևէ ժամկետ չի նշվել և արգելք չի եղել այդ փողերի տնօրինման վերաբերյալ:

«Նա տվել է այդ փողերը և ասել՝ տնօրինեք այնպես ինչպես կուզեք, միայն հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակում: Իսկ Օսկանյանը վերադարձրել է գումարը «Սիվիլիթասին»,- ասաց Կոչոյին:

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նկատեց, որ գումարը փոխանցվել է քրեկան գործ հարուցվելուց հետո, և Վարդան Օսկանյանին ինքն է հորդորել դա անել: « Այդպիսով այդ գումարը մենք փրկում ենք իրավապահ մարմիններից:

Հակառակ դեպքում հաշիվները կարող էին սառեցվել, իսկ այդ փողերը կկորեին»,- ասաց նա: Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իրենք դիմել են հեղինակավոր մասնագետների և խնդրել ներկայացնել իրենց եզրակացությունները գործի վերաբերյալ: «Այս ամենը նրա համար է, որ մեր իրավապահ մարմինները չմտածեն, որ իրենք ամենախելոքն են և օրենքը մեկնաբանեն ինչպես ցանկանում են»,- ասաց Տիգրան Աթանեսյանը և տեղեկացրեց, որ Կոչոյիի եզրակացությունը ձեռնարկի տեսքով կներակայացվի նախաքննական մարմնին: Սամվել Կոչոյին իր հերթին խնդրեց, որ իր այս եզրակացությունը դատական գործընթացի վրա ճնշում չհամարեն:

Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են նաև ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտին, որը ևս տվել է իր եզրակացությունը: Նա նաև ասաց, որ վստահ է՝ իրավապահ մարմինները չեն հավատա այս եզրակացություններին. «Չեն հավատա, որովհետև իրենց հանձնարարված է չհավատալ որևէ օբյեկտիվ կարծիքի»:

Օսկանյանի փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Օսկանյանի գործով նշանակվել է բանկային ստուգում: Նրա՝ Հայաստանում երբևէ եղած բոլոր բանկային հաշիվները ստուգվում են: Իսկ մեկ շաբաթ առաջ հարցաքննության են հրավիրել և հարցրել են օրինակ 2001-ին արված հավելյալ փոխանցումների մասին: «Փորձում են հավելյալ բան գտնել: Հանձնարարված է մի բան էլ գտնել, որ ցույց տան, որ հանցագործ է»,- եզրափակեց Տիգրան Աթանեսյանը: