Արցախը շարունակում է մնալ բանակցային սեղանի շուրջ, քանի որ Արցախի իշխանությունները հնչեցնում են իրենց դիրքորոշումները Արցախի հարցի վերաբերյալ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ լսում են դրանք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նա նկատեց, որ Արցախը բանակցությունների անմիջական մասնակցությունից դուրս է, բայց դրան զուգահեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելում են Ստեփանակերտ և հանդիպում Արցախի նախագահի հետ: «Դե ֆակտո նրանք Արցախի իշխանություններին մտցնում են բանակցային գործըթնաց»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը և ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել էր անթույլատրելի և ավելացրել, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Նա կոչ էր արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը:





