AM
30 Նոյեմբեր 2012 - 12:21 AMT

Հայ-վրացական սահմանին բեռնատարների խնդիրը Հայաստանում կապում են Վրաստանի ԱԳՆ-ում նոր նշանակումների հետ

Վրացագետ Ալիկ Էրոյանցը վստահ է, որ հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարների հետ կապված հարցն առաջիկայում կլուծվի: Փորձագետի կարծիքով, առայժմ դժվար է միանշանակ ասել, թե կապված է եղել արդյոք խնդիրը փաստաթղթերի ձևակերպման հետ, թե իրավիճակը բարդացել է նոր կառավարության օրոք:

«Ինչպես հայտնի է, Վրաստանում եղել են նոր նշանակումներ, պարեկային համակարգը մտնում է Վրաստանի ԱԳՆ կազմի մեջ, տեղ է գտել վերահսկողության խստացում»,- ասել է նա: Միաժամանակ փորձագետը հավելել է, որ այդ հարցն արդեն մասամբ կարգավորվել է և այն չի կարելի կոչել քաղաքականացված, քանի որ Հայաստանի և Վրաստանի իշխանություններից այդ առիթով լուրջ հայտարարություններ չեն ստացվել:

Հայ-վրացական սահմանում հայկական բեռնատարների հարցը լուծված է: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ, սահմանին միայն երեք մեքենա է մնացել, որոնց վարորդները ձևակերպում են փաստաթղթերը:

Ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ Հայաստանի դեսպանությունը Թբիլիսիում զբաղվում է փաստաթղթերը սխալ լրացնելու հետ կապված խնդրով:

Որոշ տվյալնելով, նախօրեին հայ-վրացական սահմանին էր կուտակվել 50 բեռնատար: Պատճառն այն է, որ վրաց մաքսավորները պահանջում էին 1000 դոլար տուգանք մուծել հայտարարագրված ու իրական քաշի տարբերության պատճառով: Բեռների քաշի տարբերությունը կազմում էր 30 կիլոգրամ:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, արդեն լուրեր էին առաջացել, թե միջադեպի պատճառն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է նախագահ Սահակաշվիլիին: