AM
1 Դեկտեմբեր 2012 - 05:39 AMT

«168 ժամ». Եվրոպան աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ նրան դնելով ոչ հարմար դրության մեջ

Երբևէ Հայաստանն այնքան միջազգային ուշադրության կենտրոնում չի գտնվել, որքան այսօր՝ նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։ Գրում է «168 ժամ» թերթը։

«Երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արևլյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, որին բացի հայաստանյան պաշտոնյաներից, մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը։ Նման մակարդակի եվրոպական պաշտոնյաների այցն աննախադեպ է Հայաստանի համար։ Առավել աննախադեպ՝ նախագահական ընտրություններից առաջ։ Եվրոպացի հյուրերի մի մասը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում արդեն հասցրել է «հիացմունք» արտահայտել անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, և հույս են հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն նույնքան «բարձր մակարդակով»։ Այսինքն՝ Եվրոպան, ըստ էության, աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ դրանով վերջինիս դնելով, մեղմ ասած, ոչ այնքան հարմար դրության մեջ։ Եվրոպական աջակցությունն իհարկե շատ կարևոր է, սակայն Հայաստանում, ինչպես հայտնի է, թե իշխանության, թե ընդդիմության համար առաջնային է համարվում ռուսական աջակցությունը։ Իսկ «ռուսական դաբրոն» ուշանում է այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինի այցը, որին Հայաստանում սպասում են դեռ ամռան ամիսներից։ Նախագահական ընտրություններից առաջ այսօր ավելի կարևոր ընտրության առաջ է կանգնած գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. քաղաքական և հրապարակային պարտավորություններ ստանձնել Եվրոպայի՞ առաջ (որից կշահի եթե ոչ՝ իշխանությունը, ապա՝ պետությունը), թե՞ գործարքի մեջ մտնել ռուսական իշխանությունների հետ՝ Եվրասիական միությանն անդամակցելու և դրանից բխող բոլոր հեռանկարներով»,- գրում է «168 ժամը»։