Դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով զրուցակցին Վրաստանի պաշտպանության նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար: Նշեց, որ պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք հայտնեցին երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Մանուկյանը նախարար Ալասանիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց նախարարի կողմից:





