Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեվին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը, մասնավորապես, տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, եւ հատկապես վերջին շրջանում Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների աշխուժացում: Դմիտրի Մեդվեդեվը նախագահ Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները եւ տեղեկացրել, որ նախագահների միջեւ մարտին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ արդեն իսկ բավականին աշխատանքներ են տարվել:





