Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով Սբ. Աբգար նախավկայի տոնն է: Աբգարը Քրիստոսին հավատացող առաջին հայ թագավորն է:
Ըստ ավանդության` Աբգարը 1-ին դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները:
Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը:
Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորըհիվանդ է եղել: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի իր աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Սբ. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին:
Հիսուս Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել էԵդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի:
Աբգարը, հավանաբար, մահացել է 1-ին դարի առաջին կեսին:





